38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայ առաջին չտեսնող դոկտորը

Հայ առաջին չտեսնող դոկտորը
13.12.2012 | 15:09

Գիտության նվիրյալի մասին գրելիս անմիջապես նկատի ես ունենում կամք, աշխատասիրություն, համբերություն, արարելու մեծ եռանդ:

Դեռ դպրոցական տարիներին ԵՐՋԱՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ աչքի էր ընկնում բացառիկ աշխատասիրությամբ. ոչ միայն ինքն էր հրապուրված գրքերով, այլև խրախուսում էր կրտսեր ընկերներին:
1954 թ. Երջանիկ Գևորգյանն արծաթե մեդալով ավարտում է Երևանի չտեսնող երեխաների միջնակարգ դպրոցը և ընդունվում Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ: 23-ամյա երիտասարդը 1959 թվականին գերազանցության դիպլոմով ավարտում է համալսարանը, իսկ 1964-ին` ասպիրանտուրան: Նորընծա գիտնականը 1968 թվականին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն` «Հայերենի դարձվածքները» թեմայով, նվիրված հայերենի փոխաբերական իմաստ ունեցող դարձվածքներին` իդիոմներին: Այն իր տեսակի մեջ առաջինն էր հայ լեզվաբանության ասպարեզում:
1970-1985 թթ. աշխատելով համալսարանում որպես գիտաշխատող, տպագրության է հանձնում «Հայերենի համանունների բառարան» և «Հայոց լեզվի բառաքերականական համանունները» աշխատությունները: Վերջինը, փաստորեն, հայտնագործություն էր հայոց լեզվաբանության մեջ. այդպիսի համանունները դեռևս ճանաչված չէին, և դրանք հետագայում ընդգրկվեցին բուհական ընդունելության հարցաշարերում:
-Գիտեմ, որ Դուք հեղինակել եք եզակի, իմ կարծիքով, բավական համարձակ ևս մի աշխատանք` «Շարժումների լեզուն». այդ թեմային է նվիրված նաև Ձեր դոկտորական ատենախոսությունը:
-1985 թ. աշխատանքի անցա հայագիտության կենտրոնում, որտեղ էլ գրեցի և 1988-ին հրատարակեցի հիշյալ աշխատությունը, որն էլ 1991-ին դարձավ իմ դոկտորական ատենախոսությունը: Աշխատությունը նվիրված է հայ ժողովրդի «ժեստիկուլյացիային», այն շարժումներին` կեցվածքներ, ժեստեր, դիմախաղեր, մարմնական շարժումներ, որոնցով մենք արտահայտում ենք ինչ-ինչ հասկացություններ, գաղափարներ, զգացմունքներ, հույզեր, այսինքն` շարժում, որն ունի որոշակի իմաստ: Այո՛, այս աշխատանքն իր տեսակի մեջ առաջինն էր հայոց լեզվաբանության ասպարեզում և, իրոք, իմ կողմից բավական համարձակ քայլ, քանզի դա նշանակում էր գրել մի բանի մասին, ինչը ինձ համար ֆիզիկապես տեսանելի չէր. սակայն, այնուամենայնիվ, գիրքը հանրաճանաչ դարձավ: Այնուհետև լույս ընծայվեց «Հայոց շարժույթների բառարանը»` 1300 էջ ծավալով:
2006 թ. բանասիրական գիտությունների դոկտոր Երջանիկ Գևորգյանի և մանկավարժական գիտությունների թեկնածու Լավրենտի Միրզոյանի համահեղինակությամբ լույս տեսավ ժամանակակից հայերենի ուղղախոսության աղավաղումներին և դրանց առաջացման պատճառներին նվիրված «Ճիշտ և սխալ» գրքույկը` գրված հանրամատչելի լեզվով և հասցեագրված ընթերցող լայն հանրությանը:
2010 թ. Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կինոյի և հեռուստատեսության, հայոց լեզվի դասավանդման մեթոդիկայի ամբիոնների, ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության երաշխավորությամբ հրատարակվեց «Լեզվական մեղանչումներից մինչև անաղարտություն» (համահեղինակությամբ` Սուսաննա Գևորգյանի) աշխատությունը: Գիրքը տպագրվել է Լեզվի պետական տեսչության աջակցությամբ:
Սահմանադրության համաձայն` ՀՀ պետական լեզուն հայերենն է, ռադիո-հեռուստահաղորդումների լեզուն` գրական հայերենը: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում հստակ ձևակերպված է` «Ռադիո-հեռուստաընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը»: Աշխատության նպատակն է արձանագրել, թե հիշյալ լրատվամիջոցներն ինչ չափով են իրականացնում լեզվադաստիարակչական իրենց առաքելությունը: Գրքում, փաստական առատ նյութի հիման վրա, քննության են առնված լրատվամիջոցներում գրական հայերենից մշտական շեղումները, դրանց առաջացման պատճառները:
Բանասիրական գիտություների դոկտոր, պրոֆեսոր, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը գրքի առաջաբանում գրում է. «Աշխատության հեղինակները ցույց են տալիս եթերային խոսքը ճիշտ կառուցելու և ներկայացնելու սկզբունքները, ընդգծելով, որ լեզվի առողջացման գործում իրենց ամենօրյա առաքելությունն ունեն հեռուստատեսությունն ու ռադիոն` հանրության հետ ամենաշատ շփումներ ունեցող հաղորդակցության միջոցները: Մնում է ճիշտ և նպատակային, հասցեական օգտագործել ԶԼՄ-ների հնարավորությունները, դրանց միջոցով ոչ թե աղավաղել, այլ պահպանել ու զարգացնել լեզուն` միշտ մաքուր ու անաղարտ պահելով ժամանակի ամեն տեսակի ոտնձգություններից»:
ՀՀ Ազգային գրադարանի նախկին տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Սարգսյանը, արժանիորեն գնահատելով հայոց լեզվի անաղարտությանը նվիրված գրքի լույսընծայումը` Ազգային գրադարանի կողմից Երջանիկ Գևորգյանին պարգևատրել է «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով:
Մանկավարժական համալսարանի դոցենտ տիկին Գրիգորյանը, ծանոթանալով աշխատությանը, հույս հայտնեց, որ այս գրքով կկրթվեն ու կդաստիարակվեն ապագա մանկավարժներն ու լրագրողները. «Այն եզակի գանձարան է, հայոց լեզվի անաղարտության ուղեցույց»:
-ՈՒնե՞ք արդյոք նախասիրություններ: Ինչպե՞ս եք անցկացնում ազատ ժամանակը:
-Ժամանակին երազում էի երգիչ դառնալ. թեև չդարձա, բայց երգեցողությունը, երաժշտությունը չմոռացա: Ընդգրկված եմ Հայաստանի կույրերի միավորման երգչախմբի կազմում: Իսկ դա նշանակում է, որ մշտապես շփվում եմ երաժշտական արվեստի հետ, գեղեցիկի հետ, ինչը լրացնում է իմ գիտական աշխատանքը, օգնում լիցքաթափվելուն: Ես նաև Հայաստանի էսպերանտիստների ակումբի անդամ եմ: Էսպերանտոն սովորել եմ դեռևս 60-ական թվականների սկզբին: Ակումբում անցկացվում են զանազան մշակութային միջոցառումներ, հանդիպումներ արտասահմանցի էսպերանտիստների հետ, կատարվում են հայկական երգերի թարգմանություններ` դրանք տարածելով այլ ժողովուրդների մեջ: Հաճախ կազմակերպվում են արշավներ դեպի Հայաստանի Հանրապետության տարբեր վայրեր:
-Ձեր բնակարանը հարուստ է զանազան բույսերով: Դրանք է՞լ են նախասիրություն:
-Այո, շատ եմ սիրում զբաղվել բույսերով: ՈՒնեմ մոտ քսան տարեկան դափնենի, կիտրոնենի, նռնենի: Բույսերը մեր բարեկամներն են: Առանձնապես պահանջկոտ չեն` ժամանակին ջրիր, երբեմն վարակազերծիր և վերջ: Արդյունքը շատ մեծ է լինում. ծաղիկները հոտավետ են, իսկ ծառերը` պտղաբեր:
76-ամյա գիտնականի գրիչը բեղուն է, միտքը` պայծառ: Վաստակաշատ գիտնականին մաղթում ենք քաջառողջություն և ստեղծագործական եռանդ:


Անահիտ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 3502

Մեկնաբանություններ